ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
1․ Կարգավորման առարկան
1.1. «ՖԱՍԹ ՇԻՖԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տերմինալների միջոցով վճարումների ընդունման հրապարակային պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) սահմանում է ՖԱՍԹ ՇԻՖԹ ՍՊԸ (այսուհետ` Ընկերություն) տերմինալների միջոցով Հաճախորդների վճարումների կատարման և դրանք ընդունելու պայմանները:
1.2. Պայմանագիրը մշակվել է ՀՀ գործող օրենսդրության, ԿԲ նորմատիվ իրավական ակտերի և Ընկերության ներքին իրավական ակտերի համաձայն:
2. Հիմնական հասկացություններ
2.1. Տերմինալ՝ ինքնասպասարկման սարք, որն ապահովում է ֆինանսական գործառնությունների իրականացումը՝ առանց Ընկերության աշխատակցի հաստատման,
2.2. Հաճախորդ՝ ֆիզիկական կամ իրավաբանական ցանկացած անձ, ով օգտվում է կամ կարող է օգտվել Ընկերության մատուցած ծառայություններից,
2.3. Ծառայություն մատուցող (այսուհետ՝ օպերատոր)՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն Ընկերության հետ կնքված պայմանագրով համաձայնել է իր կողմից մատուցվող ծառայությունների, վաճառվող ապրանքների և (կամ) կատարվող աշխատանքների դիմաց վճարներն ընդունել Ընկերության ծրագրային ապահովման համակարգի միջոցով,
2.4. Ծրագրային ապահովման համակարգ (այսուհետ՝ Համակարգ)՝ ՏՏ համակարգ, որի միջոցով ընդունվում են վճարումներ՝ Ընկերության գործող պայմանագրերի շրջանակներում, իրականացվում են դրամական փոխանցումներ, ապահովվում է Ընկերության իրավական ակտերով սահմանված գործառույթների կատարումը,
2.5. Գործունեության վայր` Ընկերության գլխամաս կամ մասնաճյուղ, տվյալ ծառայությունը երրորդ անձի (միջնորդի) միջոցով մատուցելու պարագայում՝ նաև միջնորդի կողմից այդ ծառայությունը մատուցելու վայր:
2.6. Օֆերտա՝ Ընկերության տերմինալների միջոցով վճարումներ կատարելու հրապարակային առաջարկ՝ հասցեագրված ցանկացած անձի,
2.7. Ակցեպտ՝ Հաճախորդի կողմից Պայմանագրի պայմանների լրիվ և անվերապահ ընդունում:
3. Ընդհանուր դրույթներ
3.1. Սույն Պայմանագիրը հանդիսանում է Օֆերտա՝ Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի համաձայն:
3.2. Օֆերտան արտահայտում է Ընկերության Տերմինալների միջոցով Պայմանագրում ամրագրված պայմաններով կատարված յուրաքանչյուր վճարում ընդունելու Ընկերության կամքը:
3.3. Տերմինալի միջոցով Հաճախորդի վճարում կատարելը համարվում է վերջինիս կողմից Ընկերության հրապարակային առաջարկի (Օֆերտայի) լիարժեք և անվերապահ ընդունում (ակցեպտ)՝ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի:
3.4. Պայմանագիրը կնքված է համարվում 3.3 կետով սահմանված ակցեպտավորման պահից:
3.5. Տերմինալի միջոցով վճարում կատարելու յուրաքանչյուր փաստ առանձին գործարք է, որն իրականացվում է՝ Օֆերտայում նշված պայմանների համաձայն:
4. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները
4.1. Ընկերությունը Տերմինալի միջոցով վճարում կատարող Հաճախորդին․
4.1.1. Ապահովում է անխափան վճարման հնարավորություն,
4.1.2. ընձեռում է ծառայություն մատուցողների ընտրության հնարավորություն,
4.1.3. տրամադրում է Տերմինալից օգտվելու պարզ և մատչելի ցուցումներ,
4.1.4. ապահովում է վճարման (գործարքի) վերաբերյալ հնարավորինս լիարժեք տեղեկատվություն՝ Ծառայություն մատուցողների հետ փոխպայմանավորվածության շրջանակներում,
4.1.5. տրամադրում է տեղեկատվություն՝ գանձվող միջնորդավճարների վերաբերյալ, որոնց չափը պայմանավորված է Ծառայություն մատուցողների հետ կնքված պայմանագրային դրույթներով,
4.1.6. ապահովում է կատարված վճարման (գործարքի) փաստաթղթային հաստատում՝ անդորրագրի տրամադրմամբ,
4.1.7. ընձեռում է տերմինալից օգտվելու, կատարած սխալ գործողությունները շտկելու հարցում աջակցություն ստանալու հետադարձ կապի հնարավորություն։
4.2. Տերմինալի միջոցով վճարում կատարելիս Հաճախորդը․
4.2.1. պարտավոր է հետևել Տերմինալից օգտվելու ցուցումներին, դրանցով չնախատեսված գործողություններ կատարելը կարող է դառնալ վճարումը չընդունելու հիմք,
4.2.2. իրավունք չունի օգտվել Տերմինալից, եթե համաձայն չէ Պայմանագրի պայմաններին և (կամ) չի հասկանում Տերմինալից օգտվելու ցուցումները,
4.2.3. պարտավոր է պահպանել տրամադրված վճարման անդորրագիրը,
4.2.4. իրավունք ունի զանգահարել Ընկերության զանգերի սպասարկման կենտրոն՝ +374 10 510 010 հեռախոսահամարով և ստանալ վճարում կատարելու համար անհրաժեշտ պարզաբանումներ ու տեղեկատվություն։
5. Վեճերի լուծում
5.1. Պայմանագրի շրջանակներում խնդիրներ կամ անհամապատասխանություններ առաջանալու դեպքում Հաճախորդը կարող է Ընկերությանը ներկայացնել դիմում/բողոք:
5.2. Հաճախորդի դիմում/բողոքներն ընդունվում են գրավոր, այդ թվում՝
ա) առձեռն (Ընկերության գործունեության վայրում),
բ) փոստով (Ընկերության փոստային հասցեով՝ ՀՀ, 0047 Երևան, Նորք-Մարաշ, Գ․ Հովսեփյան 32/6),
գ) էլեկտրոնային եղանակով (Ընկերության էլեկտրոնային փոստի [email protected] հասցեով):
5.3. Հաճախորդի դիմումի/բողոքի քննարկումն իրականացվում է՝ ՀՀ օրենքներով, իրավական այլ ակտերով և Ընկերության ներքին իրավական ակտերով սահմանված կարգով:
5.4. Ընկերության հաստատած՝ Հաճախորդների բողոքների ներկայացման և քննության կանոնակարգը հրապարակվում է Ընկերության պաշտոնական կայքի (www.fastshift.am) «Հաճախորդի իրավունքներ» բաժնում։
6. Հատուկ պայմաններ
6.1. Ընկերությունն իրավունք ունի ժամանակավորապես դադարեցնել իր կողմից մատուցվող ծառայությունները:
6.2. Ընկերությունը կարող է փոփոխել վճարումների ընդունման ծառայությունների մատուցման պայմանները, որոնք ներկայացվում են ի գիտություն Հաճախորդին՝ մինչև վճարում կատարելը:
6.3. Օֆերտայի ակցեպտավորմամբ Հաճախորդը համաձայնում է, որ Ընկերությունն իրավունք ունի վճարումների և մատուցված ծառայությունների վերաբերյալ իր բջջային հեռախոսահամարին ուղղարկել SMS հաղորդագրություն:
6.4. Օֆերտայի ակցեպտավորմամբ Հաճախորդը տալիս է անվերապահ համաձայնություն, որ Ընկերությունը կարող է երրորդ անձանցից ստանալ տեղական կառավարման և ինքնակառավարման մարմիններին պատկանող տվյալների բազաներում պահպանվող՝ Հաճախորդի վերաբերյալ ցանկացած անձնական տվյալ և մշակել այն՝ Հաճախորդի հանձնարարած գործարքը կատարելու համար: Հաճախորդն ի գիտություն է ընդունում, որ անձնական տվյալների մշակումն իրականացվում է ծառայությունների մատուցման ընթացքում և դրանից հետո, անձնական տվյալները պահպանվելու են և կարող են փոխանցվել երրորդ անձանց՝ միայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, Հաճախորդը ցանկացած պահի կարող է պահանջել կատարել հարցված անձնական տվյալների ուղղում, ոչնչացում, տվյալների մշակման դադարեցում, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ։
6.5. Պայմանագրի՝ այլ լեզուներով ներկայացված տարբերակների և հայերեն տարբերակի միջև անհամապատասխանության դեպքում գերակա է հայերեն տարբերակը: